Թուրքական զորքերի մուտքն Իրաք Մոսկվան գնահատում է որպես միջազգային իրավունքի խախտում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դատելով անվտանգության խորհրդի որոշ անդամների արձագանքից, թուրք զինվորականների գործողություններն անսպասելի էին նույնիսկ նրանց ամենամտերիմ դաշնակիցների համար: Չնայած իրենց տխրահռչակ դաշնակցային համերաշխությունից դրդված՝ նրանք զերծ են մնացել Անկարայի հասցեին կտրուկ մեկնաբանություններից՝ միջազգային իրավունքը կոպտորեն խախտող նրա գործողությունների կապակցությամբ»,- ճեպազրույցում ասել է Զախարովան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
Իրաքի իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զրահամեքենաների գումարտակը մտել է Իրաքի Նինվե նահանգ՝ քուրդ աշխարհազորի զինյալներին վարժեցնելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական բողոք է ուղարկելու ՄԱԿ-ի ԱԽ, եթե Թուրքիան չպատասխանի զորքերը դուրս բերելու մասին իր վերջնագրին, որի ժամկետը սպառվել է դեկտեմբերի 8-ին:




























