Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացեն նաեւ տնտեսական համագործակցության զարգացման համար:
Համակարծիք լինելով, որ առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկկողմ օրակարգի կարեւոր մաս է կազմում, եւ Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում, ՀՀ նախագահը եւ Նիդերլանդների դեսպանն ընդգծել են այդ ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը՝ ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման գործում ԵՄ հիմնադիր անդամ Նիդերլանդների դերակատարությանը:
Սերժ Սարգսյանը եւ դեսպան Դաուման մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:




























