Իսրայելը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարող է կառուցողական դեր խաղալ շահավետ մթնոլորտի ստեղծման հարցում՝ հակամարտությունը կարգավորելու համար:
«Այսօր մենք չենք կարող ասել, որ արաբներն ու Իսրայելը կամ Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են աշխարհից մեկուսացած: Նրանք միջազգային հանրության մի մասն են: Իսկապես, այստեղ եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են աշխարհի այլ տարածաշրջանների վրա, սակայն եթե չկա խնդիրը լուծելու, արդյունավետ բանակցությունների անցկացնելու, բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու իրական ցանկություն, ապա միջազգային հանրությունը չի կարող ոչինչ անել հակամարտության կողմերի համար»,--ասել է դեսպանը:

«Որովհետեւ մենք լավ գիտակցում ենք այդ ծանր հետեւանքները: Մենք արդեն տառապել ենք նման կորուստներից: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է հենվեն արդյունքի հասնելու իրական ցանկության վրա: Մենք կարծում ենք, որ քաղաքական համաձայնագիր կնքելու ժամանակ պետք է հաշվի առնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդպիսին է մեր դիրքորոշումը»,-հայտարարել է դեսպանը: