Դեկտեմբերի 9-ին Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում տեղի է ունեցել Չինաստանում հայագիտական առաջին կենտրոնի բացումը, որը հնարավոր եղավ իրականացնել Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի եւ Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցության արդյունքում։

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի գլխավորությամբ, Դալիանի օտար լեզուների համալսարանի ղեկավարությունը, Դալիանի քաղաքապետարանի եւ չինական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Հայագիտական կենտրոնի տնօրենը, երկու համալսարանների ղեկավարները: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց իր տեսակի մեջ առաջին կենտրոնի բացումը, որը յուրահատուկ հարթակ է դառնալու հայ-չինական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի քննարկման, ինչպես նաեւ հետագա փոխգործակցության խորացման ուղիների ուսումնասիրության համար։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ կենտրոնը կնպաստի ոչ միայն երկու համալսարանների միջեւ գիտական եւ մշակութային համագործակցության ընդլայնմանը, այլ նաեւ երկու երկրների կրթական համակարգերի միջեւ նոր կապերի հաստատմանը՝ դառնալով հայ եւ չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ համագործակցության եւս մեկ վառ օրինակ։ Դեսպան Սարգսյանը վստահեցրեց, որ դեսպանատունը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու կենտրոնին եւ մշտական ուշադրության կենտրոնում պահելու վերջինիս գործունեությունը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները համալսարանի ուսանողների հետ միասին այցելեցին նորաբաց կենտրոն՝ տարաբնույթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր եւ էլեկտրոնային ուսումնական նյութերի նվիրաբերմամբ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձեւավորման գործում։