Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով դատաքննությունը դեկտեմբերի 15-ին կավարտվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Միջնորդությում եմ ներկայացրել, որն ամսի 15-ին կքննարկվի, որից հետո դատարանը կհայտարարի դատաքննության փուլի ավարտի մասին։ Ենթադրվում, էր մինչեւ տարեվերջ դատավճիռը կհրապարակվի»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ մինչեւ այս պահը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով հարցաքննվել են մոտ 30 վկաներ: Նրանցից 4-ի հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ վերսկսվել էր: Չորս վկաներն էլ դատարանում հայտարարեցին, որ իրենք ոչինչ չեն տեսել, Կարեն Կունգուրցեւին էլ չեն ճանաչում:
Նշենք, որ Կունգորցեւը պնդում է, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:



























