Հայաստանում մինչեւ հիմա դեղերի պահպանման եւ տեղափոխության կանոններ սահմանված չեն։ Այս մասին դեկտեմբերի 10-ին՝ ՀՀ խորհրդարանում «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի քննարկման ժամանակ, ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ արտադրության համար նման ստանդարտ կա, սակայն պահպանման եւ տեղափոխության համար համանման պրակտիկան օրենսդրությամբ չի կարգավորվում։ «Դեղերի մասին» նոր օրենքում մենք կներմուծենք այդ հասկացությունները, որպեսզի պահպանենք դեղամիջոցի որակը ողջ շղթայում։ Չէ՞ որ սխալ ջերմային ռեժիմի դեպքում դեղը կարող է կորցնել իր ազդեցությունը»,- նշել է Խաչատրյանը։