Հանքավանում նոյեմբերի 16-ին սպանված Գալստյան եղբայրների իրավահաջորդի փաստաբան Արշակ Կարապետյանը նախաքննական մարմնին միջնորդել է քննել ծառահատումների դեպքը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ պետք է քննություն ընթանա այդ մասով, քանի որ խոսակցություններ են պտտվում, թե Գալստյաններն են սեփական տարածքից ծառահատումներն արել, մինչդեռ դա արել է մեղադրյալի հայրը: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Գալստյանների բարեկամը նշել էր, որ, իրենց հաշվարկով, 350 ծառ է հատվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է Գալստյանների տարածքում անտառապահ աշխատող Գագիկ Սեփոյանի որդին` Հայրապետ Սեփոյանը: Նախքան սպանությունը Գալստյան եղբայրների եւ անտառապահի միջեւ վիճաբանություն է եղել, որի մեջ Սեփոյանների հարազատները մեղադրում են սպանված Գալստյան եղբայրներին: Նրանց պնդմամբ՝ եղբայրները մեկ ծառ հատելու շուրջ վիճել են անտառապահ Գագիկ Սեփոյանի հետ, դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին, վնասել են աչքը: Սպանվածների հարազատները, սակայն, պնդում են, որ Գագիկ Սեփոյանին դանակով հարված չի հասցվել, եղբայրները նրա հետ վիճել են, քանի որ նրան բռնացրել են իրենց սեփականությունը հանդիսացող տարածքում մեծ քանակությամբ ծառեր հատելիս։ Նրանք NEWS.am–ի հետ զրույցում նշել էին, որ նախքան դեպքը մի քանի անգամ զգուշացրել են Գագիկ Սեփոյանին, նա երդվել է, որ ինքը ծառ չի հատում իրենց պատկանող տարածքից:
Վիճաբանությունից հետո Հայրապետ Սեփոյանը ինքնաձիգով կրակ էր բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էին երիտասարդները:
Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել): Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:



























