Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական նիստերի հետաձգումը լուրջ անհանգստություն է պատճառում կուրսանտի հարազատներին: NEWS.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, նշեց, որ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են նիստերը, որոնք առիթ են տալիս մտածելու, որ դրանք դիտմամբ են հետաձգվում` ժամանակ շահելու համար:
«Էսօր գնում էի նիստին, ճանապարհին էի, արդեն հասնում էի, զանգեցին, ասացին, որ փաստաբաններից մեկը վատառողջ ա, չի գալու, բացակայում է, եւ դատական նիստը հետաձգվում է: Արդեն երրորդ նիստն ա, որ թղթաբանական քաշքշուկի պատճառով հետաձգվում ա: Երեւի դրանց նպատակն էն ա, որ այս տարի ընդհանրապես նիստ չլինի, չեմ հասկանում` դա ինչի ա պետք իրենց: Արդեն 1 տարին լրանում ա, դեռ դատ չի եղել: Լրիվ կլոունադա են սարքել, նիստերը պետք է կայանան, անցած անգամ էլ ասում էին` տեխնիկական պատճառով է հետաձգվել: Ուզում եմ հասկանալ, ո՞րն ա տեխնիկական պատճառը, բերդից մեքենայով դրանց չե՞ն կարողացել բերել: Վայ մեզի, որ 21-րդ դարն է ու «Նուբարաշենից» կալանավորներին չեն կարողանում բերել դատարան»,-ասաց Արկադի Բարսեղյանը` նշելով, որ իրենք արդեն դիմում-նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին, որպեսզի հսկողություն սահմանվի եւ նիստերը ժամանակին կայանան:
Արկադի Բարսեղյանի խոսքով, նախագահականից իրենց պատասխանել են, որ նամակի գրավոր պատասխանը կլինի մեկ ամսից:
« Դատավորն էլ հարցնում է ինձ, թե մայրս ինչի՞ համար է դիմում-նամակ գրել նախագահին, գրել ենք, որ պատշաճ ձեւով նիստերը կայացնեն, ես վերջապես տղա եմ կորցրել, ոչ ոք մեզ չի հասկանա: Ասում են` դեռ երկու երեխա էլ ունեք, ամեն ինչ վերջացած չէ, բայց չէ՞ որ ամեն երեխա իր տեղն ունի»,-ասաց նա:
Արկադի Բարսեղյանի խոսքով, իր կինը` Արմինեն, շատ ծանր է տանում դատական նիստերի հետաձգումը, որն ավելի է «ծանրացնում նրա սրտի ցավը»:
« Չնայած որ այսօր դատական նիստին թույլ չէի տվել, որ գա, սակայն, երբ ասացի, որ էլի հետաձգել են, էլի սկսեց ծանր տանել: Սենց թե նենց արդեն ամեն ինչ կորցրել ենք, հիմա ի՞նչ են ուզում, չեմ հասկանում: Ամեն առավոտ ուրախանում եմ, որ մի թեթեւ լավ է լինում Արմինեն, բայց ի՞նչ օգուտ»,-ասաց սպանված կուրսանտի հայրը:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործն արդեն դատարանում է, սակայն այն արդեն երեք անգամ հետաձգվում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, մեղադրվող կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությանը բավարար ապացույցներ չեն հավաքվել, որոնք ապացուցում են մեղադրյալների մեղավորությունը:



























