Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը վերջին տարիներին բնակվում էր ՌԴ-ում, Հայաստան էր վերադարձել ծառայության մեկնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի գյուղապետ Կարո Գեւորգյանը, որի համագյուղացին է Ռազմիկ Աբրահամյանը:
«Մոր մահից հետո՝ մոտ 3-4 տարի առաջ, ընտանիքով մեկնեցին Ռուսաստան: Ռազմիկը Հայաստան էր եկել, որ ծառայության գնար: Հայրը կարծես այստեղ չէ»,- ասաց գյուղապետը:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով: Նշենք, որ զինծառայողն այս պահին գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է:
Ավղլի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը եւ Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են:



























