ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ ընտրակեղծարարները կպատժվեն, քանի որ անձամբ է լսել, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է` ընտրակեղծարարներին վերաբերվելու է որպես անձնական թշնամու: Թե ինչ է սպասվում  հանրաքվեի ընտրակեղծարարներին, մեզ հետ զրույցում մանրամասնել է Մանվել  Բադեյանը:

Պարոն Բադեյան,  ի տարբերություն նախորդ ընտրությունների,  հանրաքվեի  ժամանակ արձանագրված ընտրախախտումները հանրապետականները որակում են «արջի ծառայություն»: Ինչո՞ւ որոշեցիք այս անգամ այսպես ձեւակերպել ընտրակեղծիքի մեքենան:

Ես բառացի ցիտում եմ հանրապետության նախագահի` Սերժ Սարգսյանի խոսքերը, որը  ես լսել եմ ընտրություններից առաջ: Էս խոսակցությունը տեղի ունեցավ, երբ Սերժ Սարգսյանը այցելել էր Գեղարքունիքի մարզ` ակտիվի հետ հանդիպելու: Ժողովի ժամանակ նա ասաց` յուրաքանչյուր ընտրակեղծարարի ես դիտում եմ որպես անձնական թշնամի: Որեւէ ուղղորդում, որ ՀՀԿ-ի կողմնակիցները խախտում անեն, չի եղել, զուտ նրա համար, որ յուրաքանչյուր ընտրակեղծարար ընկալվի որպես թշնամի եւ կպատժվի: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը եւ պահվածքը: Հիմա դրդապատճառները ոչ թե քաղաքական պատվերն է, այլ կարող են ուրիշ պատճառներ լինել, օրինակ` արջի ծառայությունը:

Այսինքն` մարդիկ, ովքեր ուզում են աչքի ընկնել, ցույց տալ, թե ինչքան նվիրված են իրենք հանրապետության նախագահին, կուսակցությանը կամ իշխանություններին,  փորձել են աչքի ընկնել զեղծարարությամբ:

Երկրորդ տեսակի մարդիկ սադրիչներն են, ովքեր «Ոչ»-ի կողմնակից լինելով` հօգուտ «Այո»-ի են ապօրինի գործողություններ արել, որպեսզի հիմա քննադատեն հենց Հանրապետական  կուսակցությանը: Դրդապատճառները տարբեր կարող են լինել: Հիմա  խախտումների հետաքննությունը մեր քաղաքական ուժն է կազմակերպելու որպես իշխանություն…

Եւ քանի որ հանրապետականներիդ բնութագրած «արջի ծառայությունը» եղել է բացառապես Սահմանադրությունը անցկացնելու օգտին, իշխանությունը անաչառ քննություն կիրականացնի՞ «արջերին» բացահայտելու ու պատժելու ուղղությամբ:

 Ես չեմ կասկածում, որովհետեւ, եթե վերահաշվարկի արդյունքում պարզվի, որ այս կամ այն տեղամասում տեղի է ունեցել խախտումներ, հետեւաբար քննությունը պետք է հետապնդի ու գտնի էն մարդկանց, ովքեր խախտումներն արել են: Ընդդիմադիրներն էլ վերահսկողության տակ կպահեն` պատժվեցին էդ մարդիկ, թե` չէ:

Իսկ եթե պարզվի, որ բացառապես «արջի ծառայության» արդյունքում է Սահմանադրությունն անցել, ինչպե՞ս պետք է վարվի իշխանությունը նրանց հետ:

 Այ հիմա, որ վերահաշվարկը արվի ու պարզվի, որ «Ոչ»-ի թիվն ավելի շատ է, քան «Այո»-ի, այդ ժամանակ չի անցնի Սահմանադրությունը: Իսկ եթե հակառակը, պարտավոր են ընդունել, որ անցել է:

Եթե դեռ ամեն ինչ ավարտված չէ, ինչու Սերժ Սարգսյանը հրավիրեց յուրայիններին`  շնորհավորելու նոր Սահմանադրությունը: Ի վերջո  կարող է պարզվել, որ արջի ծառայություն մատուցողները, նրանց հովանավորողները, մերձավորները նախ Սերժ Սարգսյանի հյուրընկալությանն արժանացան:

Շատ լայն ներկայացվածություն ուներ հանդիպումը, ժողովրդի բոլոր շերտերից  ներկայացուցիչներ կային: Սերժ Սարգսյանը շնորհակալությունը հայտնվեց հայ ժողովրդին…

Ժողովուրդն այնտե՞ղ էր:

Այո, շարքային քաղաքացիներ էլ կային, մի գուցե եւ վստահված անձինք… Անկախ ներկաների որակական կազմից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին…

Որքանո՞վ հանրությունը համոզված լինի, որ Սերժ Սարգսյանը ընտրակեղծարարներին կպատժի` ինչպես անձնական թշնամիներին, երբ Սերժ Սարգսյանը հանրաքվեից ամիսներ առաջ Դավիթ Հարությունյանի միջոցով վստահեցնում էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվի որեւէ պաշտոնում, բայց  հանրաքվեից օրեր առաջ վերանայեց նախկին վստահեցումը` հեռուստահաղորդավարների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ  իր հետագա անելիքների մասին կխոսի 2017 թվականից հետո:

 Իսկ ինչու Դուք կարող եք Ձեր կյանքում  որեւէ բան փոխել, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ:

Տարբերություն կա. Սերժ Սարգսյանը պետության համար է պատասխանատու…

Յուրաքանչյուր մարդ, այդ թվում երկրի նախագահը, ունի իր կյանքի հնարավորությունը: Նա չպատասխանեց այդ հարցին, քանի որ չուզեց դառնալ սպեկուլյացիայի առարկա ընտրության նախաշեմին: Նա ոչ թե շրջանցեց, այ հատուկ չպատասխանեց, որ էժանագին բոնուսներ չհավաքի: Ինչու չեք կարող էսպես մեկնաբանել: Դրանից առաջ մեր կուսակցության մեջ էլ է հայտարարել, որ չի առաջադրվելու:

Բայց չեք բացառում, որ կվերանայի եւ կառաջադրվի վարչապետի  պաշտոնում…

 Չէ, չեմ բացառում, այնպես ինչպես չեմ բացառում, որ կարող է հրաժարվել: Ոչ, բացառում եմ, որ կառաջադրվի, ոչ էլ հակառակը: Դա էդ մարդու ընտրության իրավունքն է: Դա նշանակում է կարծիք փոխել կամ չփոխել, իսկ դրա իրավունքը յուրաքանչյուրը ունի: Նա միտումնավոր չպատասխանեց, որ դա փաստարկ չլինի Սահմանդրությունը ընդունելու կամ չընդունելու համար: Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ հանրաքվեի է դրվել Սահմանադրությունը, ոչ թե իր անձի հարցը: