«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր լրագրողը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանից հետաքրքրվել է, թե հանրաքվեի ընթացքի եւ արդյունքների մասին ինչ կարծիք ունի։ Սակայն «հերոս» ԲՀԿ-ականն աչքերը ոլորել է լրագրողի վրա ու հորդորել, որ հեռու մնա իրենից:

«Ես անձամբ ու իմ կազմակերպությունն աշխատել ենք հանրաքվեի համար ու հաղթանակ ենք տարել, վերջ՝ սրանով ամեն ինչ ասված ա, էլ ուրիշ հարցեր չկան»,- խրոխտ հայտարարել է նա։ «Կազմակերպությունը» Երդվյալ ազատամարտիկների միությունն է։ Երբ լրագրողը նրան հիշեցրել է տեղական եւ եվրոպացի դիտորդների գնահատականները, նա ասել է․ «Շատ մարդ շատ բան կարա ասի, ես ասում եմ, որ մենք հաղթել ենք, վերջ», ու գրեթե վազքով հեռացել է:

Հիշեցնենք, որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նա որոշ ժամանակ ԱԺ-ն բոյկոտում էր, հիմա գալիս գրանցվում ու անմիջապես անհետանում է, մեկ-մեկ էլ հայտնվում է երեքշաբթի երեկոյան՝ ԱԺ հայտարարությունների ժամին։ Ընդ որում՝ դա անում է այն ժամանակ, երբ գեներալ Մանվելի հետ հանդիպելու հավանականությունը փոքր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում