Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով եւս մեկ կուրսանտ է հայտնվել դատարանում:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ ըստ մեղադրական եզրակացության՝ կուրսանտ Կարեն Բաղրամյանը հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ: Այս ընթացքում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները,Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին:

Բացի դրանից նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

18-ամյա Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն արդեն սկսվել է: