Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կտեղափոխվի հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ասատուրյանի խոսքով՝ զինծառայողի վիճակն արդեն կայունացել է: Նշենք, որ Աբրահամյանի թոքն էր վնասվել:
Ավղլի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մինչեւ այդ քայլին դիմելը՝ զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա.Կարապետյանը, Ս.Մելքոնյանը եւ Վ.Տեր-Վարդանյանը ձերբակալվել են:



























