Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում ընդդիմադիր ուժերը գիշերը հարձակվել են 3 ռազմաբազաների վրա։ Ինչպես հայտնում է Reuters-ը, իշխանությունները կատարվածը դիվերսիա են որակել։ Գործակալության տեղեկություններով՝ հարձակումները պլանավորված ակցիայի մի մասն են եղել, փոխանցում է ՏԱՍՍՍ-ը։

Հարձակման գլխավոր նպատակն է եղել շեղել ուշադրությունը եւ կազմակերպել բանտարկյալների փախուստը։ Հարձակումները հետ են մղվել, միջադեպից տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։ Բանտից փախած կալանավորներ չկան։

Նշենք, որ Բուժումբուրում բախումները շարունակվում են ընթացիկ տարվա ապրիլից, երբ նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտնել էր 3-րդ անգամ առաջադրվելու պլանների մասին։ Անկարգություններից զոհվել է 240 մարդ։ Ձեռնարկվել էր նաեւ ձախողված պետական  հեղաշրջման փորձ։

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կարծում է, որ Բուրունդիի նախագահի երդմնակալությունից հետո երկրում սպանությունների եւ կալանքների տագնապալի աճ է նկատվում։