Հայ ազգային կոնգրեսն, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԿԸՀ է հանձնելու հանրաքվեն անվավեր ճանաչելու իր դիմումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Այնտեղ ներկայացված կլինեն մեր բոլոր փաստերը, որոնք աղաղակող են՝ հիմնված տեսագրությունների, վկայությունների վրա: հայաստանի պատմության մեջ նման չափով կեղծիքներ չեն եղել»,-ասել է նա:
Նրա խոսքով, իրենք հանրաքվեի արդյունքների մաթեմատիկական վերլուծություն են իրականացրել, որը ճշգրտորեն ապացուցում է, որ մոտ կես մլն ձայն կեղծվել է:
Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ի պահանջով Երեւանի թիվ 2/32 ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ ցուցակներում 100-ավոր համարներ անձնագրերում եղել են 1-2 թիվ ավելի շատ, այսինքն տեղի է ունեցել զանգվածային լցոնում եւ կեղծիքներ:
«Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է եւ կեղծարարների բանդան չեն կարող ստեղծել հանրաքվեի արդյունքների նորմալ պատկեր»,-ասել է Զուրաբյանը՝ ներկայացնելով մաթեմատիկական վերլուծություն եւ աղյուսակներ, որոնք ապացուցում են, որ կեղծիքները զանգվածային բնույթ են կրել:
«Համաձայն ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկների, հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, որոնցից մոտ 575 հազարը քվեարկել է «ոչ» եւ 250 հազարը՝ «այո», եւ սա «այո»-ականների համար ամենալավատեսական սցենարով:
Տեղի է ունեցել կոպտագույն ոտնահարում հայ ժողովրդի կամարտահայտության: Սա է իմ պատասխանը իշխանություններին, որոնք փորձեցին կասկածի տակ դնել կես մլն կեղծիքների մասին իմ պնդումը»,-ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:



























