ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է պատահական ընտրանքով բացել 5 ընտրատեղամաս եւ վերլուծել ընտրական ցուցակները:
«Ցանկացած տեղամասային ցուցակ հենց բացվի, կտեսնեք, որ այն հիմնովին կեղծված է: Այսինքն ստորագրությունները կեղծ են, անձնագրերի տվյալները կեղծ են, ըստ էության, դրանք լիովին սարքված փաստաթղթեր են»,-այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Զուրաբյանը:
«1995 թվականին ունեցել ենք հանրաքվե եւ միաժամանակ խորհրդարանական ընտրություններ, ինչը նշանակում է ակտիվ մասնակցություն է եղել: Այն ժամանակ կեղծիքների մասին ոչ ոք չի խոսել, ընտրությունների հանդեպ կար բացարձակ վստահություն եւ այդ ժամանակ 1,2 մլն մասնակցություն: Նույն թիվը գրանցվել է նաեւ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում: 2005 թվականին բոյկոտվեց հանրաքվեն, սակայն գրանցվեց 1,5 մլն մասնակցություն: Դրանից հետո Հայաստանից պաշտոնական տվյալներով հեռացել է 350 հազար մարդ:
Այսինքն, ակնհայտ էր, որ հիմա մասնակցության միջին ցուցնաիշը կարող էր լինել 800 հազար մարդ»,-ասաց Զուրաբյանը:
Նշենք, որ 1995-ին առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը՝ ԱԻՄ, ԱԺՄ, ՀՅԴ, Կոմկուս եւ այլն, իշխանություններին մեղադրել են հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ եւ չեն ճանաչել այդ արդյունքները: Այն ժամանակ երկրի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ով այժմ ՀԱԿ առաջնորդն է:




























