Եթե Հայաստանի նախագահը հայտարարել է ցանկացած ընտրախախտում վերացնելու անհրաժեշտության մասին, ապա անհրաժեշտ է իշխանություններին բռնել այդ խոսքի վրա։ Այս մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կազմել բոլոր հնարավոր խախտումների ցուցակը եւ մասնագետների հետ լուծում գտնել յուրաքանչյուր դեպքի համար՝ լինի դա կաշառում, ուրիշի փոխարեն քվեարկում, «կարուսել», լցոնում եւ այլն։
Ընդ որում, Սահմանադրական փոփոխություններին կողմ հանդես եկող ՀՅԴ-ն պատրաստվում է հանդիպումներ անցկացնել «Ոչ»-ի ճակատի կազմակերպիչների հետ, որոնք իրոք հետեւել են խախտումներին եւ ոչ թե ուղղակի քննադատել են իշխանություններին։ «Ես իդեալիստ չեմ եւ չեմ կարծում, որ բոլոր խախտումները կարելի է արմատախիլ անել։ Բայց մեծ մասը, վստահ եմ, որ հնարավոր է։ Մենք աշխատանքի կողմնակիցներ ենք։ Միայն աշխատանքի շնորհիվ է հնարավոր լուծել հարցերը, այլ ոչ թե հայհոյանքով եւ բամբասանքով»,- ասել է Աղվան Վարդանյանը։




























