Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ Գերմանիայում ապրում են հարյուրավոր իսլամիստներ, որոնք ցանկացած պահի կարող են հարձակում կազմակերպել, փոխանցում է Deutsche Welle-ն։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում  կա արմատական իսլամի 1100 կողմնակից, որոնք պատրաստ են բռնություն գործադրել։ Նրանցից 430 հոգին այնքան վտանգավոր են, որ ցանկացած պահի պատրաստ են լուրջ հանցանք գործել։

Մաասենը նաեւ նշել է, որ իրենք մտահոգված են այն հանգամանքով, որ արմատական սալաֆիները կարող են փորձել համախոհներ հավաքագրել Մերձավոր Արեւելքից Գերմանիա ժամանած փախստականների շարքերից։ Վերջին շրջանում Գերմանիայի հատուկ ծառայությունները բացահայտել են 150 նման դեպք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Գերմանիայի Նորդռայն Վեստֆալեն դաշնային հողի ՆԳ նախարար Եգեր Ռալֆը նույնպես նշել էր, որ Գերմանիայում պոտենցիալ վտանգավոր ավելի քան հազար իսլամիստ է բնակվում։