Հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում:

Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է և ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող և դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության: