«Ոչ»-ի ճակատը պետք է մտածի ոչ թե այն մասին, թե ինչպես ավելի շատ քննադատի իշխանություններին, այլ այն մասին, թե ինչպես անի, որպեսզի իրենք ուժեղ դառնան։ Այս մասին դեկտեմբերի 11-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Թող նրանք նայեն, թե քանի ընտրատեղամասում են օրինականություն ապահովել նրանք, իսկ քանիսում՝ ՀՅԴ-ն։ Ինչու՞ այդ դեպքում նրանք բողոքարկում են ավելի քան 70, բայց ոչ 1500 ընտրատեղամասների արդյունքները»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, եթե հաշվի առնենք, որ բողոք են  ներկայացրել 80 տեղամասերից, եւ եթե պատկերացնենք ոչ իրատեսական թիվ, ապա յուրաքանչյուր տեղամասում վերահաշվարկը կտա 500 ձայն, այսինքն՝ կստացվի 40 հազար, որը եղանակ չի փոխում, եթե հիշենք, որ «Ոչ» է քվեարկել 421 հազար մարդ, «Այո»՝ 825 հազարը։ «Մի՞թե այդ ուժերի համար դաս չի դառնում, որ այն, ինչով նրանք զբաղվում են մի տարի, երկու, տասը, ոչ մի բանի չի հանգեցնում։ Որ պետք է ամենօրյա աշխատանք տանել»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։