Իշխող կուսակցությունը կատարեց իր առջեւ դրված խնդիրը. անկախ տոկոսային հարաբերությունից` հանրաքվեն պետք է անցկացվի թափանցիկ, մաքուր եւ հնարավորինս բաց հասարակության համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով դեկտեմբերի վեցին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Շատերս չէինք սպասում, որ մարդկանց մասնակցությունն այսքան լավը կլինի: Խնդիրը դրված էր` անկախ տոկոսային հարաբերությունից լինի թափանցիկ, մաքուր եւ հնարավորինս բաց հասարակության համար: Կարելի է ասել, որ խնդիրը կատարվել է: Ըստ իս, խախտումներն էականորեն չեն ազդել ընտրությունների որակի վրա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` ինքը հանրաքվեին եղել է Արարատի մարզի գրեթե բոլոր ընտրատեղամասերում, հետեւել ընտրությունների ընթացքին: Ինչ վերաբերում է արձանագրված խախտումներին, Լեռնիկ Ալեքսանյանի պնդմամբ` կուսակցությունը ոչ մեկին առաջադրանք չի տվել` «թվեր կամ տոկոսներ ապահովելու»:

«Խախտումների 79 դեպք է արձանագրվել, գիտեմ, որ խոչընդոտներ չեն եղել: Ո՞վ էր ասում, որ խախտումներ չէին լինելու: Կուսակցության համար այդ 5-10 տոկոսը պետք չէր, առաջադրանք չկար, թե ով քանի տոկոս պետք է բերեր: Այո, կան մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցել, կան մարդիկ, որոնք ուզում էին ցույց տալ, որ իրենք հեղինակություն են եւ կարող են թիվ բերել»,- ասաց նա:

Նշենք, որ հանրավքեի նախնական արդյունքներով` հաղթել է «Այո»-ն: