Կլիմայի փոփոխությունների (COP-21) հարցերով ՄԱԿ-ի համաժողովի նախագահ, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունը, թե միջոցառումը ձգձգվում է, իսկ ամփոփիչ համաձայնագրի տեքստի ընդունումը տեղի կունենա շաբաթ` դեկտեմբերի 12-ին: Այդ մասին նա հայտնել է BFM հեռուստաալիքի եթերում: «Ես տեքստը կներկայացնեմ ոչ թե ուրբաթ երեկոյան, ինչպես կարծում էի, այլ` շաբաթ վաղ առավոտյան եւ այդ դեպքում կկարողանանք անհրաժեշտ որոշումն ընդունել օրվա կեսին,- ճշտել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Դեռ տեքստի վրա աշխատելու բան կա»:
Ֆաբիուսի խոսքով, տեքստն ավարտին կհասցվի դեկտեմբերի 10-ին, սակայն «հանգամանքները դրականորեն են դասավորվում, որպեսզի ներկայացնենք այնպիսի տեքստ, որը բոլորին կգոհացնի»: Ըստ երեւույթին, դա նշանակում է, որ լույս շաբաթ օրվա գիշերը պատվիրակները ամփոփիչ փաստաթղթի համաձայնեցման լրացուցիչ միջոցառումներ կանցկացնեն:
Հինգշաբթի Ֆրանսիայի արտգործնախարարը խոստովանել էր, որ փարիզյան համաժողովին բանակցությունները «հեշտ չեն առաջ գնում»: Միաժամանակ նա վստահեցրել էր, որ համաժողովի օրացույցը «չի փոփոխվի» եւ համաձայնագիրը կստորագրվի ուրբաթ երեկոյան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:




























