Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանությունը ժողովրդից մոտ 485 հազար ձայն է գողացել։ Այս մասին դեկտեմբերի 11-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այդ հաշվարկը հիմնված է հայտնի ռուս ֆիզիկոս եւ ընտրական գործընթացների վերլուծաբան Սերգեյ Շպիլկինի վերլուծության վրա։ «Մինչեւ 1 ձայնի ճշգրտությամբ ամբողջը հաշվել հնարավոր չէ, սակայն 10-20 հազար ձայնի տարբերությամբ կարելի է հաստատել, որ իրականում հանրաքվեում քվեարկել է 825 հազար մարդ, որոնցից 575 հազարը «Ոչ» է ասել եւ միայն 250 հազարը՝ «Այո»,- ասել է նա։
«Իշխանության կեղծարարներն ամեն բան ոտից գլուխ շուռ են տվել։ Սակայն հասարակության մեջ շատ բան սկսվում է փոխվել։ Մարդիկ սկսում են սիրել եւ հարգել նրանց, ովքեր պաշտպանում են ժողովրդի ձայնը։ Մեզ մոտ նոր հերոսներ են ծնվել։ Մի տեղամասում 20-ամյա մի աղջիկ չէր վախեցել տեղի մաֆիոզներից։ Մեկ ուրիշում՝ մի տղա, երրորդում՝ 70-ամյա մի կին։ Ժողովուրդը սկսում է սիրել եւ հարգել մարդկանց, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար եւ արհամարհել նրանց, ովքեր ծառայում են ներկայիս իշխանություններին»,- ասել է Զուրաբյանը։




























