Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի հարազատները զարմացած են պատահածից ու չեն պատկերացնում՝ ինչը կարող էր նրան նման քայլի դրդել:

«Իր մոտ ամեն ինչ նորմալ է եղել, երբ զանգել եմ, ասել է՝ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի հորեղբոր տղան՝ Արտակ Աբրահամյանը:

Արտակ Աբրահամյանը նշեց, որ Ռազմիկի հայրը դեպքից հետո եկել է Հայաստան:

Նշենք, որ զինծառայողի վիճակը լավ է, նա այսօր հիվանդասենյակ կտեղափոխվի:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ՌԴ-ում է բնակվում, Հայաստան է վերադարձել ծառայության մեկնելու համար: Նրա մայրը մահացած է, հայրը ՌԴ-ում է բնակվում:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալված են: