«Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն է զանգահարել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ սպառնացել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։
«Ինձ զանգահարել է գնդապետ Վալերի Օսիպյանը եւ փոխանցել Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որ ոստիկանությունը դիտարկում է երիտասարդների տրամադրությունը բախումների տանող գործողություններ եւ ինձ դիտարկում է այդ գործողությունների նախաձեռնողը, եւ ասել է, որ քրեական պատժի կենթարկեն նման զարգացումների դեպքում»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նրա ներկայացմամբ, խոսքն իրենց ժողովների ժամանակ հնչած այն հայտարարությունների մասին է, որ շրջափակելու են Բաղրամյան պողոտան։
Ղուկասյանը նշեց, որ այսօր էլ են շարունակվում իրենց ժողովը, որի ժամանակ ճակատի երիտասարդները քննարկելու են քաղաքացիների իրավունքները ոտնահարելու դեմ ընդվզումներ իրականացնելու հարցը, ինչը իրենց սահմանադրական իրավունքն է։
«Այսօր ժողովը շարունակվում է «Նոր Հայաստան»-ի շտաբում, եւ հրավիրում եմ ոստիկանության ներկայացուցիչներին մասնակցել այդ ժողովին, որպեսզի համոզվեն, որ երիտասարդների կողմից որեւէ սադրիչ գործողություններ չեն նախապատարստվում։ Այն իրավունքները, որոնք քաղացիներն ունեն սահմանադրական անհնազադություն իրականացնելու շրջանակում, իրենք պատրաստվում են դա իրականացնել»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը։
Նշենք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով:
«ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին: Հավաքի կազմակերպիչներից ոմանք ակտիվ աշխատանք են տանում երիտասարդ համախոհների շրջանում՝ վրաններ տեղադրելով, քաղաքացիական անհնազանդության քողի տակ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կատարելով սադրել հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրում:
Նման ապօրինի գործելակերպի նպատակը հավաքին հանրային հնչեղություն հաղորդելն է եւ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ստվերելը:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական վայրերում իրավիճակը ապակայունացնելու ցանկացած փորձ կանխվելու է կոնկրետ իրավիճակից թելադրվող համարժեք գործողություններով, իսկ իրավախախտումներ կազմակերպող եւ դրանք կատարող անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:




























