Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը պնդում է՝ կուրսանտ Կարեն Բաղրամյանը, որը մեղադրվում է Հայկազի մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցնելու մեջ, կապ չունի նրա սպանության հետ:
NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը նշեց, որ նրանց միջեւ թեթեւ վիճաբանություն է եղել, որը հարթվել է եւ ինքը դեմ է եղել, որ Կարեն Բաղրամյանի դեմ նման մեղադրանք առաջադրվի:
«Սուտ է ասելը, թե քաշքշուկ է եղել, ինքը Հայկազին ա խփել մի հատ, Հայկազը իրան, ու ամեն ինչ անցել է: Ինքը կապ չունի սպանության հետ, մարմնի տարբեր մասերին հարվածներին չի հասցրել, ինքը էն տղան չի եղել, որ կարողանար: Թուլամորթ տղա էր, ինքը չի իր հարցերը լուծել, Վաչեի մոտ ա վազել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Արկադի Բարսեղյանը նշեց, որ վիճաբանությունը եղել է երկու անգամ՝ առաջինը ննջասենյակում՝ անկողինը հավաքելու շուրջ, երկրորդը՝ ճաշարանում:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, կուրսանտ Կարեն Բաղրամյանը հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմանում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ՝ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
18-ամյա Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործն արդեն դատարանում է, սակայն այն արդեն երեք անգամ հետաձգվում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:



























