Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաեւ Արցախին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության հետ կապված հարցեր:
Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել մի խումբ տարածաշրջանային փորձագետների հետ։ Իր խոսքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի անկախ պետականաշինության գործընթացը, տնտեսական իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Պատասխանելով փորձագետների հարցերին՝ Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ առջեւ ծառացած մարտահրավերներին՝ մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին:
ԼՂՀ արտգործնախարարի այցը Վաշինգթոն եզրափակվել է նույն օրն երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցել են դիվանագետներ, ամերիկահայ կառույցների եւ համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, լրագրողներ:
Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Իր ելույթում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Արցախին ցուցաբերվող աջակցության համար եւ ընդգծել ազգային հավաքական միասնականության կարեւորությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:




























