ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի լսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն այն մասին, որ դեկտեմեբրի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ տեսանյութերը մոնտաժված են:

«Ես, անկեղծ ասած, չեմ լսել նման հայտարարություն, չեմ էլ կարծում, որ նման հայտարարություն կարող է լինել: Այս կամ այն տեսանյութի մոնտաժված լինելու մասին հետեւություն կարող է լինել միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքում, իսկ մինչեւ այդ որեւէ մեկը, այդ թվում նաեւ ես, չի կարող խոսել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին»,- այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը լրագորղի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազը:

Նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 8-ին,  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը կարծում է` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքների վերաբերյալ կադրերը մոնտաժված են եղել: