Սիրիացի փախստականներով առաջին օդանավը դեկտեմբերի 10-ին, վայրէջք է կատարել Կանադայի Տորոնտո քաղաքի օդանավակայանում, որոնց մեջ սիրիահայեր կան: Փախստականներին ընդունել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները եւ հաջող կյանքի ուղի մաղթել Կանադայի հողում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես ժամանել էր օդանավակայան՝ դիմավորելու համար փախստականներին:
Նրանցից առաջինը ընտանիք է՝ իրենց 16-ամսական դստեր հետ, իսկ երկրորդը՝ այր ու կին՝ իրենց երեք դուստրերի հետ, որոնցից երկուսը երկվորյակներ են: Նրանք ասել են, որ երջանիկ են, որ այստեղ են: «Մենք, իրոք, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ ջերմ հյուրընկալության եւ ընդունելության համար: Մենք զգացինք, ինչպես մեր տանը եւ մենք մեր հանդեպ հարգանք զգացինք»,-Կանադայի վարչապետին ասել է Գեւորգ Ժամկոչյանը:
«Դուք տանն եք, բարով եք եկել»,-արձագանքել է Թրյուդոն:
Ընդհանուր առմամբ, Կանադա են ժամանել 163 սիրիացի փախստականներ:
Փախստականների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո նրանք կցրվեն ողջ երկրով մեկ, մեծ մասը կմնա Օնտարիոյում:
Նշենք, որ սա առաջին օդանավն է, որը սիրիացի փախստականների է հասցրել Կանադա: Երկրի կառավարությունը խոստացել է 25 հազար փախստականների ընդունել: Երկրորդ օդանավը դեկտեմբերի 12-ին վայրէջք կկատարի Մոնրեալում:
Մինչեւ տարեվերջ Կանադա կժամանեն հազար փախստականներ:




























