Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցված 14 քրեական գործերով կա 1 կասկածյալ եւ 1 մեղադրայլ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, գլխավոր դատախազության Հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Մեղադրանք է հարուցվել մինչեւ քվեարկության օրը ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամին` նույն հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից նյութապես շահագրգռելու փորձի նյութերի հիման վրա, որպեսզի հանձնաժողովի անդամը հանրաքվեի ընթացքում որոշակի ժամանակով լքի քվեարկության սենյակը։ Այդ գործով մեղադրանք է հարուցվել Զավեն Միրիջանյանին, որը կալանավորված է:
Բացի դրանից, Վայոց ձորում կրկնակի քվեարկության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով կա կասկածյալ:
Մյուս քրեական գործերը առնչվում են «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի նկատմամբ երկու ՀՀԿ-ականի կողմից բռնություն գործադրելու մասին հաղորդման հիման վրա, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, երթուղայինից 10.000 դրամներ բաժանելու դեպքերին: Եվս մեկ քրեական գործ հարուցվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանի հաղորդման հիման վրա` այն մասին, որ Հակոբ Հրանտի Նազարի Դեխնավին իր նկատմամբ բռնություն է գործադրել, ընդ որում, վերջինն իր հերթին ասել է, որ հանձնաժողովի նախագահն է իրեն բռնության ենթարկել: Մեկ այլ քրեական գործ հարուցվել է լրագրողի կրկնաքվեարկության փաստով, երբ լրագրողը հայտարարել է, որ ինքը նույնականացման քարտով 2 անգամ քվեարկել է, որպեսզի ապացուցի, որ նույնականացման քարտերը կրկնաքվեարկության հնարավորություն են տալիս: Մյուս քրեական գործերը վերաբերում են կրկնաքվեարկություններին:
Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ հարուցված քրեական գործերի թիվն այնքան մեծ չէ, որ դրանք կարողանային էական ազդեցություն ունենալ քվեարկության ընդհանուր արդյունքների վրա:
Նախորդ համապետական ընտրությունների համեմատ հարուցված քրեական գործերի թիվը էապես չի տարբերվում. 2013թ. փետվարի 18-ի ընտրությունների արդյունքում հարուցվել է 16 գործ, որոնցից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 6-ը կարճվել է, մեկի վարույթը կասեցվել է:
Հարցին, թե ինչու լրագրողների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ 16 հաղորդումներից միայն մեկով քրեական գործ հարուցվեց, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Նախ պետք է պարզել, թե արդյոք մենք գործ ունենք լրագրողի, թե ուղղակի երկու ֆիզիկական սուբյեկտենրի միջեւ վիճաբանության հետ: Ով հեռախոս վերցրեց, նկարեց չի նշանակում, որ լրագրող է եւ ունի այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»:




























