Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում պայթյունը, ըստ ականատեսների, եղել է գազի արտահոսքի հետեւանքով: Նրանցից մեկը NEWS.am-ին ասաց, որ, իրենց տեղեկություններով, երկար ժամանակ գազի արտահոսք է եղել շինությունում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել:

«Մեր իմանալով իրենք տեղեկացրել են համապատասխան մարմիններին, սակայն ահազանգը մնացել է առանց պատասխանի»,- ասաց Սարգսյանների ծանոթներից մեկը: 

Ըստ ականատեսի՝ պայթյունը եղել է տան բնակելի հատվածին կից շինությունում, որտեղ Սարգսյանները խաղող են պահել: Պայթյունի հետեւանքով փլուզվել է Սարգսյանների ավտոտնակը, պանելներն ընկել են նրանց Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա, բացի այդ՝ դրա ուժգնությունից կոտրվել են տան ապակիները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լուսառատ գյուղում՝ Շիրվանզադե փողոցի 50-ամյա Տ. Ս.-ին պատկանող թիվ 35 տանը առանց հրդեհի բռնկման պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 քմ) և ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները և տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են, մեկ մարդ տուժել է: Տուժած 50-ամյա Տիգրան Սարգսյանի վիճակը կայուն է, նրան Վեդու բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան: