Լոնդոնի ամենաթանկ փողոցը Քենսինգթոնի եւ Չելսիի թագավորական բորոյում (վարչական միավոր) գտնվող Վիկտորյա ռոուդ փողոցն է, որտեղ անշարժ գույքի միջին գինը 8 մլն ֆունտ ստերլինգ է (12.1 մլն դոլար)։

Անգլիայի եւ Ուելսի ամենաթանկ փողոցների վարկանիշը ուրբաթ հրապարակել էր Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկային խումբը՝ Lloyds BankIng Group-ը։ Քենսինգթոնյան պալատի հարեւանությամբ գտնվելը, որտեղ ապրում են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, փողոցը դարձրել է Լոնդոնի ամենաթանկ բնակության վայրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փողոցի վրա ընդհանուր առմամբ կա 64 անշարժ գույքի օբյեկտ։ Բնակարաններն ու տներն այստեղ հիմնականում պատկանում են օտարերկրյա ներդրողներին եւ կառավարող հեջ ֆոնդերին, որոնց հրապուրում է էլիտար անշարժ գույքի գների աճը։ Օրինակ՝ 2008թ. այս փողոցում բնակարանն արժեր 475 հազար ֆունտ (720 հազար դոլար), իսկ հիմա՝ 1.7 մլն ֆունտ(2.6 մլն դոլար)։ 

Անգլիայի եւ Ուելսի ամենաթանկ փողոցների եռյակում հայտնվել են նաեւ Էգերթոն Քրեսենթը եւ Մանրեսա ռոուդը, որոնք նույնպես գտնվում են Քենսինգթոն եւ Չելսիի բորոյում։