Բոլոր նրանք, որոնք ընտրախախտումներ են կատարել, մատուցել են «արջի ծառայություն», անպայման կպատժվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Մելիքյանը պարզաբանեց, թե «Այո»-ի ճակատում միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ չեն, կան նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչներ։
«ԿԸՀ 78 բողոք է ներկայացվել, որոնց մասնակի ստուգման արդյունքում վեց քրեական գործեր հարուցվել են։ Համոզված եմ, որ ընտրախախտողները համապատասխան պատասխանատվության կենթարկվեն։ «Այո»-ի ճակատում միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները չեն, բավականին մեծաքանակ քաղաքական ուժեր կան այդ ճակատում, երբ որ հարուցված քրեական գործերով կհիմնավորվի, որ դրանք կատարվել են տարբեր կուսակցությունների անդամներ, նոր կխոսենք այդ մասին»։
Գագիկ Մելիքյանը իր կուսակիցների պես պնդեց, որ ընտրախախտումներ թույլ տված անձինք «արջի ծառայություն» են մատուցել։ Մեր հարցին, թե ի՞նչն է ստիպել հանձնաժողովի անդամներին ինքնակամ տրվել այդ ծառայությանը, ասաց․
«Ես չգիտեմ՝ ում ինչը ստիպեց արջի ծառայություն մատուցել իշխանություններին, կարծում եմ՝ դա կհիմնավորվի հետաքննությամբ։ Իհարկե, համոզված եմ, որ արդար քննություն կանցկացվի եւ բոլոր մեղավորները հաապատասխան պատիժ կստանան»։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե իրենց համար ընտրախախտումների վերաբերյալ միջազգային կառույցների դիտարկումները մտահոգիչ են, ինչպես ՀՀ քաղաքացու կարծիքը։




























