Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրգործ հարուցելը կապ չունի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Վանաձորում «Այո»-ի պարտության հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Դատախազի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակում:

«ՀՀ օրենսդրությամբ հաղորդումը տալուց հետո 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացվի քրգործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ: Երեկ լրացել է այդ ժամկետը եւ որոշում է կայացվել հարուցել քրգործ»,- ասաց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Սամվել Դարբինյանին պատժում են՝ քրեական գործ հարուցելով, քանի որ նա չէր կարողացել ապահովել բավարար թվով քվեներ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ։ Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին։

Այս բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։