Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք Մարաշում վնասազերծված հայտնի հանցավոր խմբի գործով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը բազմաթիվ ցուցումներ է տվել:

Այս մասին այսօր` դեկտեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել, թե կոնկրետ ինչ ցուցումների մասին է խոսքը։

Գևորգ Կոստանյանը նշեց, որ ԱԱԾ գործողության նկատմամբ թերահավատության հիմքեր չի տեսնում։

«Այդ զենքը մի օր պետք է կրակեր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր, անկախ նրանից, ուղղված կլիներ պետական մարմնի, կոնկրետ անձի կամ անձանց խմբի դեմ: Հասարակական վստահության մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից դա նշանակություն չունի: Այն, որ իրավապահ համակարգին հաջողվել է առնվազն վնասազերծել մի խումբ մարդկանց, որոնց տրամադրության տակ կար այդքան զենք-զինամթերք, ցանկացած քաղաքացու պետք է  ուրախացնի, որովհետև մենք ինչ-որ մի վտանգից, մի ոճրագործությունից զերծ ենք մնացել»,– ասաց Գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25–ին Երեւանում ԱԱԾ–ն վնասազերծել է զինված խմբի, որոնք, ըստ ԱԱԾ–ի, նախապատրաստվում էին խոշր հանցագործություններ իրականացնել։ Հարուցված գործով վերջին տվյալով 25 մարդ է կալանավորվել։