Օբամայի կառավարությունը սննդի կտրոններ է բաժանում բոլոր նրանց, ովքեր դիմում են սոցիալական աջակցության խնդրանքով: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի բնակչության ավելի քան 15%-ը կամ շուրջ 45 մլն մարդ աղքատության մեջ է ապրում: Այս մասին գրում է լեհական Najwyzszy Czas! պարբերականը: Հոդվածում նշում է.
«Իսկական պաթոլոգիա կարելի է կոչել այն, որ պարենամթերքի կտրոններ են տրամադրում շատ երկար ժամանակի համար՝ չպարզելով, արդյո՞ք իսկապես դրա կարիքն ունեն: Դեռեւս մի քանի տարի առաջ պարենային կտրոններն ինչ-որ ամոթալի բան էին համարվում: Հիմա դրանք փոխարինել են քարտերով, որոնք ոչնչով չեն տարբերվում սովորական պլաստիկ քարտերից, եւ ոչ ոք՝ այդ թվում վաճառողը, չգիտի, թե ինչով է վճարում գնորդը:
Ամերիկայի գրեթե յուրաքանչյուր յոթերորդ բնակիչ սնունդ է գնում այդ կտրոններով: Միայն Նյու Յորքում այդ ծրագրից 2 մլն մարդ է օգտվում:
Տարիներ շարունակ ամերիկյան պահպանողականները հայտարարում են բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ ծրագրից դուրս մղելու համար նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես չունեն:
Հիմա Կոնգրեսը կտրոնների համար ծախսվող գումարների զգալի կրճատման մասին օրինագիծ է կազմում:
Խորհրդարանականները կարծում են, որ մթերքի օգնության խնդիրները լավագույնս լուծում են պարենային բանկերը: Ներկայում դրանց աջակցությունից օգտվում է ԱՄՆ 37 մլն բնակիչ:
Իսկ օգնելու կարիք ունեցողներ կան: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 15%-ը կամ 45 մլն մարդ աղքատության մեջ է ապրում: Իսկ Օբամայի վարչակազմն առատաձեռնորեն կտրոններ է բաժանում բոլոր նրանց, ովքեր դիմում են:
Բայց ոչինչ անվճար չի լինում: Միեւնույն ժամանակ կառավարությունը բարձրացնում է հարկերն ու նվազեցնում տնտեսության մրցունակությունը:
Բավական է ուսումնասիրել 2014 թվականի հարկերի բարձրացումը: Եկամտահարկի առավելագույն շեմը 35%-ից բարձրացվել է 39.6%-ի: Կապիտալի աճի հարկը 15%-ից հասել է 28%-ի, իսկ դիվիդենտների հարկը՝ 15-ից 39.6%-ի»:




























