Ռուսաստան-Թուրքիա փոխադարձ տնտեսական սանկցիաները որեւէ կերպ չեն անդրադառանալու Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Ռուսաստան-Թուրքիա փոխադարձ տնտեսական սանկցիաները ոչ մի կերպ չի կարող ազդել մեր երկրի վրա, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ, ռեսուրս չունի լրացուցիչ ծառայություններ մատուցելու կամ ապրանք արտադրելու։ Ճիշտ նույն իրավիճակն է, ինչ տեղի ունեցավ Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ տնտեսական սանկցիաների դեպքում։ Հիմա էլ ցանկություն, խոսակցություններ կան, որ ռուսական շուկան կգնանք կգրավենք, բայց ինչո՞վ։ Ի՞նչ ունի Հայաստանը, արտադարանք, ծառայություն չունի։ Երբ նման դեպքեր են լինում, ասում են՝ հեսա շուկան նվաճելու ենք, բայց տնտեսության մեջ այդպես չի լինում, չես կարող, քանի որ տնտեսություն ու ծրագիր չունես»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ իշխանությունները խոսում են արդյունաբերության ոլորտում գերակա ուղղություններից, բայց էական առաջընթաց չկա. «Տարիներ շարունակ խոսում են 12 գերակա ուղղություններից արդյունաբերության ոլորտում՝ մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, բայց ոչինչ չկա։ Չի լինի, քանի դեռ այս տնտեսական հարաբերություններում Հայաստանում որեւէ էական առաջընթաց չլինի։ Ինչ վերաբերում է փոխադարձ սանկցիաներին, ապա նման իրավիճակից կօգտվեն այն երկրները, որոնք պատրաստ են, ունեն գյուղատնտեսություն, արտադրություն։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետեւանքով այդ բաց շուկան կարող է ադրբեջանական ու այլ երկրների արտադրանքը լրացնել, բայց ոչ Հայաստանը։ Ռուսաստանի պաշտոնյաներն էլ, որ խոսում են, Հայաստանի անունը չկա»։
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ կառավարության հեքիաթներից է նաեւ Հայաստան-Իրան երկաթուղին. «Հայ-իրանական երկաթգծի մասին մեծ հեքիաթներ են պատմում, այդ գումարները ոչ կա, ոչ էլ կարող են գտնել։ Չորրորդ տարին է, կառուցում են Հյուսիս-հարավ ճանապարհը, ասում են՝ երեք տարի հետո ավարտելու են, չեն ավարտելու, դա հեքիաթ է, ճիշտ չի, խաբում են մեզ։ Եթե չորս տարվա մեջ ընդամենը կառուցելու են ամենաբարեկարգ ճանապարհը 40 կմ մի կողմից, 40 կմ՝ մյուս կողմից, 80 կմ են սարքել ընդամենը, իսկ այդ ամբողջ ճանապարհը պետք է լինի 500 կմ։ Հիմա չորս տարում կառուցել են 80 կմ, ոչ մի խոչընդոտ չկար, ընդամենը ասվալտը սարքել են բետոնե։ Ոնց են ավարտելու այդ ճանապարհը երեք տարի հետո, երբ չորս տարվա ընթացքում կառուցել են 80 կմ»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ իշխանությունները քաջ գիտակցում են, որ իրենք էլ կախված են փրփուրներից։
Տնտեսագետի խոսքով՝ իշխանության բոլոր ծրագրերը տապալվել են, որի վառ վկայությունը նաեւ 2016 բյուջեն է։ «Միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր ունեին, որոնք տապալվել են, քանի որ առաջին հերթին ամեն ինչը նախատեսում էր գումարներ, որոնք չկան տարբեր պատճառներով։ Չկան ե՛ւ Ռուսաստանի տնտեսական վիճակի պատճառով, ե՛ւ մեր երկրի տնտեսության, որտեղ չկան ներքին խնայողություններ ու պետական պարտքի հնարավարություններն անգամ արդեն դարձել են անհնար։ Այս պայմաններում միակ զարգացումն այն է, որ ինքն իրեն պիտի զարգանա։ Այսինքն՝ իներցիայով էլ որ գնա, այդ բյուջեով նախանշված 2.2 տոկոս աճը կլինի, որի խաբելն ավելի հեշտ է, ինչպես խաբեցին գյուղատնտեսության այս տարվա թվերը։ Եթե ՀՀ-ում տնտեսական աճը 5 տոկոսից պակաս է, ուրեմն համարեք՝աճ չունենք»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ գալիք տարվա թույլ բյուջեի մասին վարչապետի «ազնիվ» խոստովանություններն ուղղակի անխուսափելի էին։




























