ՌԼԴԿ խմբակցության պատգամավորներն առաջարկել են ռուսաստանցիների համար տոնական երեք ոչ աշխատանքային օր թողնել. հունվարի 1-ը՝ Ամանոր, մայիսի 9-ը՝ Հաղթանակի օր եւ հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, համապատասխան օրինագիծը ներկայացվել է Պետդումա:
Հեղինակների կարծիքով, այդ տոները պատմական կարեւոր նշանակություն ունեն երկրի համար: Օրինագծին կից պարզաբանող գրության մեջ նշվում է, որ որպես ամանորյա արձակուրդների կրճատման փոխհատուցում, բոլոր աշխատողներին անհրաժեշտ է տարվա մեջ ցանկացած ժամանակ 10-օրյա արձակուրդ տրամադրել: Ընդ որում, այդ արձակուրդը պետք է գումարվի հիմնականին:
Այդպիսի միջոցի դիմելու պատճառներից մեկը, ըստ պատգամավորների, ռուսական տնտեսության վրա ամանորյա երկարատեւ տոների բացասական ազդեցությունն է, որը «առնվազն մինչեւ 3 տրլն ռուբլու կորուստ է ունենում»:




























