Այս տարի Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ ՀՀ պետական բյուջեի տրամադրած գումարներով ամբողջ հանրապետությունում վերակառուցել եւ հիմնանորոգել է շուրջ 178 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այցելել է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի հիմնանորոգված ճանապարհահատված:
Նշենք, որ այդ ճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը մեկնարկել էր այս տարվա մարտին, ՀԲ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով:
Տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու տարվա համար նախատեսված աշխատանքը «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունը կատարել է 7-ամսում:
Ճանապարհի վերակառուցման ընթացքում շինարարները հիմքից փոխել են ճանապարհի հողային պաստառն ու երթեւեկելի մասի պատվածքը, վերականգնվել են ջրահեռացման համակարգերն ու մայթերը: Գյուղտեխնիկայի անցումների համար ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են երկաթբետոնե սալեր: Հիմնանորոգվել է նաեւ Նոր Գեղիի դպրոց տանող ճանապարհը:
Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով հիմնանորոգվել է նաեւ Արգել-Կարենիս-Չարենցավան 5.3 կմ երկարությամբ ճանապարհը։ Հիմքից կառուցված նոր ասֆալտապատ ճանապարհին զուգահեռ ճանապարհի ոլորանների հատվածում վերականգնվել են հենապատերը, նորոգվել են 2 կամուրջները։ Վերականգնված հատվածն անցնում է Արգել հիդրոէլեկտրակայանով: Ասֆալտապատվել է նաեւ Արգելի համայնքի եկեղեցի տանող ճանապարհը:
«Արգելը Չարենցավանին կապող այս միակ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Գյուղացին իր բերքը 10 կմ հեռավորությամբ գտնվող Չարենցավանը թողած, գնում էր Երեւան, քանի որ չէր կարողանում հին ճանապարհով անցնել»,- ասել է Արգել համայնքի գյուղապետ Մաթեւոս Ավագյանը:
«Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրով 2015-2016 թվականներին մենք պետք է կառուցեինք, հիմնանորոգեինք մոտ 135կմ ճանապարհ։ Այս տարի մենք աշխատանքների 90 տոկոսն ավարտել ենք։ 2016-ին կառուցելու համար մնացել է 10-ը կմ: Բացի դրանից, մենք բյուջեի հատկացումներով ունենք 45կմ, որի շինարարությունը լրիվ ավարտել ենք: Այս տարի կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցել ենք 170-178 կմ ճանապարհ»,- ասել է Գագիկ Բեգլարյանը։
Ճանապարհները կառուցվել են բարձր որակով. թե լաբորատոր քննությունները, թե որակի տեխհսկողություն իրականացնող ընկերության մասնագետները, թե շինարարները վստահեցնում են՝ հիմնանորոգված ճանապարհները երկար կծառայեն:
Ի դեպ, դրանք կառուցվել են ճանապարհաշինական նոր տեխնոլոգիաներով, նորարարական մոտեցումներով:
Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները հաջորդ տարիներին եւս կշարունակվեն: Այս տարվա նոյեմբերին Համաշխարհային բանկն ու ՀՀ կառավարությունը ստորագրեցին 40 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որը 10 մլն դոլարով կհամաֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից: Դրանով նախատեսվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրի» երկարաձգում՝ մինչեւ 2019 թվականի ավարտը:



























