ԱՄՆ կառավարությունը չպետք է խուսափի հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում մարտեր հրահրելու համար Ադրբեջանի հասցեին մեղադրանքներից, որոնք հանգեցնում են մարդկանց մահվան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը՝ ոլույթ ունենալով ԼՂՀ անկախության 24-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Կոնգրեսականը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որի նպատակը ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների դեմ երաշխիքների ապահովումն է:
«ԼՂՀ ազատությունն ու ժողովրդավարությունը» անվանումը կրող միջոցառման ընթացքում մեկ այլ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆն, իր հերթին, անհանգստություն է հայտնել կապված Ադրբեջանի ագրեսիվ ու վտանգավոր ռազմական գործողությունների, ինչպես նաեւ ԱՄՆ ներկային քաղաքականության հետ: «Ես նաեւ իմ անհանգստությունն եմ հայտնել, որ ԱՄՆ պատասխանն այդ գործողություններին կեղծ հավասարության նշան է դնում ադրբեջանական ու հայկական գործողությունների միջեւ: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ կարգավորման, մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունն ու սադրիչ գործողությունները: Մեր լռությունը միայն խրախուսում է նրանց»,-ընդգծել է Շիֆը:




























