2011 թվականի ապրիլին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի օդանավի վայրէջքի ժամանակ սխալ թույլ տված դիսպետչերը խոստովանել է, որ մետամֆետամին է օգտագործում:

Թմրամիջոցներից Բրին Փեքի  կախվածության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրան մեքենայով դեկտեմբերի 9-ին կանգնեցրել են ոստիկանները: Փեքը ոստիկաններին հայտնել է, որ իր մոտ երկու լիցքավորված ատրճանակ կա: Խուզարկության ժամանակ իրավապահները Փեքի գրպանից մետամֆետամին են հայտնաբերել: վարորդը հայտարարել է, որ աշխատում է որպես ավիադիսպետչեր եւ այդ հոգեմետ դեղամիջոցն իրեն անհրաժեշտ է աշխուժանալու համար, հաղորդում է The New York Post-ը:

Նրան մեղադրել են ապօրինի զենք կրելու, հոգեմետ դեղ պահելու եւ ճանապարհային կանոնների բազմակի խախտումների մեջ:

Թերթը հիշեցնում է, որ Փեքն առնչություն ունի 2011 թվականին Մերիլենդի նահանգի Էնդրյուս ռազմակայանի շրջանում  տեղի ունեցած միջադեպի հետ: Այն ժամանակ Միշել Օբամային տեղափոխող Boeing-737 օդանավը քիչ էր մնում բախվեր ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող տրանսպորտային օդանավի հետ: