Եմենում հրադադարի ռեժիմը կկիրառվի դեկտեմբերի 14-ից. այս մասին հայտարարել են շիական «Անսար Ալլա» շարժման ապստամբ հուսիները:
Ավելի վաղ նշվել էր, որ դեկտեմբերի 15-ին նախատեսված են ուղիղ խաղաղ բանակցություններ Եմենում պատերազմող կողմերի միջեւ, ինչպես նաեւ այդ օրվանից ՄԱԿ-ի խնդրանքով երկրում պետք է հրադադար հայտարարվի:
«Մենք համաձայնության ենք եկել, որ դեկտեմբերի 14-ից կսկսի հրադադարը»,-ասել է բանակցություններում հուսիների պատվիրակության ղեկավար Մոհամադ Աբդել Սալամը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս ապստամբ հուսիները եւ բանակի այն հատվածը, որ հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, իսկ մյուս կողմից նրանց կողմից արտաքսված նախագահ Հադին, որին աջակցում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:




























