Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նորից քննադատել է վարչապետ Արսենի Յացենյուկին ու կառավարությանը:

«Ես վարչապետին մեկ կարեւոր հարց ունեմ՝ նա գիտի՞, թե ինչով են ապրում իր նախարարները: Ոչ մի նախարար չի կարող ապրել 200 կամ 300 դոլարով, դա նրանց կենսակերպին չի համապատասխանում: Այսինքն եթե դու հարուստ գործարար չես, եթե որեւէ օլիգարխից գումարներ չես ստանում, ուրեմն դու սկզբունքայնորեն չես կարող աշխատել: Կամ էլ պետք է ճգնավոր լինես, որ միայն ցամաք հաց ու ջուր ուտես: Նորմալ մարդը, պրոֆեսիոնալը, քաղաքական գործիչը չի կարող Ուկրաինայում նախարար դառնալ, քանի որ սովամահ կլինի»,- շեշտել է Սահակաշվիլին՝ «Շուստեր LIVE » հաղորդման եթերում:

«Ուկրաինայի պետապարատը գրեթե առանց դիմադրության մի քանի ամսից պարզապես կփլվի: Կփլվի, քանի որ նրա գումարները շրջանցում են բյուջեն: Դրանք գնում են ուղիղ այն մարդկանց գրպանները, որոնք մուտք ունեն զանազան հիմնադրամներ, որոնք կարելի է կողոպտել »,- հայտնել է նահանգապետը, փոխանցում է «Կորեսպոնդենտ.net»-ը:

«Երեկ կառավարությունը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ գալիք տարի ՀՆԱ աճը կկազմի 2 տոկոս, իսկ տնտեսության զարգացման իդեալական սցենարի դեպքում 25 տարի հետո մենք Շվեյցարիայի ցուցանիշներին կհասնենք: Շվեյցարիան Ուկրաինայից 5 անգամ փոքր է, իսկ դա նշանակում է, որ 25 տարի հետո մեկ հոգու հաշվարկով Ուկրաինան Շվեյցարիայից դեռ 5 անգամ ավելի աղքատ կլինի: Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք գյուղատնտեսության հսկայական ներուժ ունենք: Այս հաշվարկների հիմքում այն է, որ կաշառակերները այսուհետ էլ շարունակելու են կողոպտել: Եթե վաղը նրանց բոլորին վռնդենք կերակրամանից, ապա արդեն մի քանի տարի հետո Շվեյցարիա՛ն կփորձի հավասարվել Ուկրաինային, այլ ոչ թե հակառակը»,- հայտնել է Սահակաշվիլին, մեջբերում է «Ապոսթրոֆը»: