Հայաստանի 3 խոշոր համայնքներում ընտրությունները տեղի կունենան 2016-ի հունվարի վերջին-փետրվարի սկզբին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Օրինագիծը, որը նախատեսում էր Հայաստանի հյուսիսում Թումանյանի եւ Դիլիջանի, իսկ հարավում Տաթեւի խոշորագույն համայնքների ստեղծում, արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից եւ սպասում է նախագահի ստորագրությանը: Դրանից հետո 40 օրվա ընթացքում պիտի տեղի ունենան ընտրություններ:
Առայժմ այդ քաղաքներն ու գյուղերը առանձին համայնքներ են, նշանակում է` 2016-ի իրենց բյուջեներն առանձին-առանձին են ձեւավորում: «Իսկ երբ տեղի ունենան ընտրություններ, դրանք կկոնսոլիդացնեն իրենց բյուջեները, այդ թվում նաեւ` պետական դոտացիաները: Այդ դոտացիաները հետ չեն կանչվի», - ընդգծել է Գիլոյանը:
Եթե նախկինում հանրապետությունում հիմնականում գործում էր «մեկ գյուղ-մեկ համայնքապետարան» սկզբունքը, ապա այժմ պետությունը նախատեսում է դրանք խմբերի մեջ միավորել: Սկզբնական 14 նախագծերում (որոնցից վերոհիշյալ 3-ն արդեն հավանության են արժանացել) հավաքվել է կամ մի քանի գյուղ կամ քաղաք (որպես կանոն, նախկին խորհրդային շրջկենտրոնը) եւ 3 – 7 շրջակա գյուղ: Նոր համայնքներն իրենց չափով ուզում են դարձնել միջին ինչ-որ բան ներկայիս բաժանման եւ ՀԽՍՀ շրջանների միջեւ (որոնք միջինը 20 – 30 գյուղ էին ներառում):




























