Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կոչ է արել կանգնեցնել Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում լարվածության էսկալացիան: Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 12-ին Աշխաբադում «Չեզոքության քաղաքականություն, միջազգային համագործակցություն հանուն խաղաղության, անվտանգության ու զարգացման» միջազգային համաժողովի ժամանակ: Թուրքմենստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում Ղրղզստանի նախագահը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գորբանդուլի Բերդըմուհամեդովի հետ, նաեւ բանակցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ: Թուրքմենստանից հետո Աթամբաեւը կայցելի նաեւ Քուվեյթ ու Կատար:

Նախագահը նշել է, որ ուզում է միանալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոչին, որով նա հորդորում էր Ռուսաստանին ու Թուրքիային «կես քայլով ընդառաջ գնալ իրար»: Եվ կոչ է արել «կանգնեցնել լարվածության էսկալացիան երկկողմանի հարաբերություններում, վերականգնել գործընկերային, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները, որոնք դեռ վերջերս կային այդ մտերիմ, եղբայրական երկրների միջեւ »,- հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը: