«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծով որոշ իրավախախտումների դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն, եթե իրավախախտումը միտում չի պարունակում, բխում է կոնկրետ իրադրությունից, նվազ նշանակություն ունի, կամ որը վարորդը կատարել է ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար՝ Արփինե Հովհաննիսյանը:

«Երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների, արտաքին լուսարձակների պահանջները չկատարելու, հեռակա լույսը մոտակա լույսով չփոխարկելու, խաչմերուկների հատման կանոնները չպահպանելու կամ ոչ սահմանված կետում կանգառ կատարելու համար մենք հնարավորություն ենք տալիս, որ կիրառվի ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախազգուշացում կկիրառվի այն դեպքում, եթե խախտումը սկզբունքորեն խնդրահարույց իրավիճակներ չի ստեղծել:

Ինչպե՞ս է որոշվելու` խախտումը միտում է պարունակել, թե ոչ, հանրային վտանգ ներկայացրել է, թե ոչ. նախարարի խոսքով, դա երեւալու է կոնկրետ իրավիճակից։ Ապացույցը լինելու է տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերի գրանցած նյութը։

«Չափանիշներն այնպիսին են, որ վարչական մարմինը հնարավորություն ունենա հասկանալու՝ արարքը միտում պարունակում էր, թե ոչ: Տեսանյութում երեւում է՝ անձը միտումնավոր է արել խախտումը, ինչ-որ մեկի դիմաց ճանապարհը փակելով հոծ գիծ է խախտել, թե ոչ»,- ասաց  նախարարը:

Եթե խախտման միտումնավորությունը վիճելի լինի, վարորդները հնարավորություն կունենան տեսնելու իրենց արած խախտման տեսագրությունը կայքում եւ ցանկության դեպքում վիճարկել տուգանքը։ Տուգանքների չափը չի փոխվել։