Գերմանիայի իշխանությունները չեն բացառում, որ երկիրը կարող է հրաժարվել փախստականների ընդունել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզյերը:

«Շենգենյան գոտին չի կարող երկար գոյություն ունենալ՝ առանց սահմանների վերահսկողության, եթե արտաքին սահմանների պաշտպանության համակարգը չի գործում»,- Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, իրավական տեսանկյունից սահմանների փակումը միանգամայն հնարավոր է, սակայն «քաղաքական պատճառներով ավելի վաղ որոշել էինք այդպիսի միջոցի չդիմել»:

Ըստ Մեզյերի, սահմանների փակման հնարավորությունը քննարկվել է դեռեւս սեպտեմբերին, երբ Հունգարիայից եւ Ավստրիայից փախստականների մեծ հոսքի պատճառով սահմանային վերահսկողություն էր սահմանվել: Դեռեւս այդ ժամանակ հարց է բարձրացվել, որ «Գերմանիան կդադարեցնի փախստականների ընդունել՝ այլ երկրի համար բոլոր հետեւանքներով հանդերձ»: Արդյունքում, այդ որոշումից հրաժարվել են, սակայն «հարց է, թե որքան կշարունակվի այսպես, եթե երկիր ժամանող փախստականների թիվը նույնքան բարձր մնա»:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Մեզյերին, հաղորդել էին, որ այս տարի Գերմանիա արդեն 965 հազար փախստական է ժամանել: