Ադրբեջանի հյուսիսային հատվածի բնակչությունը սարսափով է սպասում ցուրտ եղանակին:

Ըստ haqqin.az-ի, գազ արդյունահանող շրջանի բնակիչները սառչում են իրենց տներում, իսկ երբ ջերմաստիճանը զրոյից ցածր լինի, ինչը բնորոշ է այս շրջանին, ստիպված կլինեն հույսը միայն Աստծո վրա դնել:

«Այս շրջանի գյուղերի բնակիչների մեծ մասը չգիտի՝ ինչպես պետք է տաքացնի երեխաներին ու ծերերին, որոնք արդեն սկսել են հիվանդանալ: Haqqin.az-ի խմբագրություն է դիմել Գիջանոբա գյուղի ղեկավար Ռահիբ Սարդարովը: Նա պատմում է, որ չնակած գյուղացիները բազմիցս գրել ու այցելել են ամենատարբեր գերատեսչություններ՝ աղաչելով գազ անցկացնել, պաշտոնյաներից ոչ ոք չի եղել գյուղում եւ ինժեներ չի ուղարկել»,- գրում է պարբերականը:

Բանն այն է, որ նախկինում գյուղացիները հարեւան անտառներում ծառեր էին կտրում եւ ձմեռն անցկացնում տաք վառարանների մոտ, իսկ հիմա դա արգելված է: Եթե տեղի իշխանությունները կամ ոստիկանությունը տեսնեն, որ ինչ-որ մեկի բակ փայտով լի մեքենա է մոտենում, տանտիրոջը կտուգանեն: