Գերմանական Լեյպցիգ քաղաքում հակաֆաշիստական ակցիան վերածվել է ոստիկանների հետ բախումների: Այս մասին գրում է Vedomosti-ն՝ վկայակոչելով Süddeutsche Zeitung-ին: Դեկտեմբերի 12-ին կայացած ցույցի ընթացքում 69 ոստիկան է տուժել:
Իրավապահների տվյալներով, նախօրեին ցույցի է դուրս եկել ձախակողմյան միավորումների մի քանի հազար կողմնակից: Միաժամանակ, ցույց են անցկացրել աջակողմյան խմբավորումների շուրջ 200 կողմնակիցներ:
Ձախերի կողմնակիցները քաղաքում անկարգություններ են հրահրել: Նրանք աղբամաններ են այրել, քարեր եւ պայթուցիկ նյութով շշեր նետել իրավապահների եւ հրշեջների ուղղությամբ: Ոստիկանությունն այս գործողություններին պատասխանել է ջրանետերով ու արցունաբեր գազով:
Իշխանությունների տեղեկացմամբ, իրավապահների դեմ հարձակումներին շուրջ 1000 մարդ է մասնակցել: 69 ոստիկան տուժել է, 23 հակաֆաշիստներ ձերբակալվել են:



























