ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Փարիզյան գլոբալ համաձայնագիրը ոչ միայն կօգնի մոլորակը պահպանել ապագա սերունդների համար, այլեւ այժմյան բնակիչներին կփրկի կլիմայի փոփոխությունների «ամենասարսափելի» դրսեւորումներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամերիկյան ժողովուրդը կարող է հպարտանալ, քանի որ այդ պատմական համաձայնությունը ձեռք է բերվել ամերիկյան ղեկավարության շնորհիվ»,- ասել է Օբաման՝ մատնանշելով ԱՄՆ-ում ակտիվորեն կիրառվող արեւային էներգիան, հողմային գեներատորները, երկրում արդյունաբերական արտանետումների ծավալների կրճատումը:
Դեկտեմբերի 12-ին Փարիզում համաժողովի մասնակիցները հավանության են արժանացրել համաձայնագիրը, որն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն եւ գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1.5-2 աստիճանի սահմաններում պահպանելուն: Գիտնականների կանխատեսմամբ, ջերմաստիճանի ավելի մեծ աճը կարող է հանգեցնել մոլորակի էկոլոգիայի համար անդառնալի հետեւանքների: Փարիզի համաձայնագիրը 2020 թվականից հետո փոխարինելու է Կիոտոյի արձանագրություններին: Այն ստորագրվելու է 2016 թվականի ապրիլի 22-ին, Նյու Յորքում:




























